Տպասալիկի արտադրության վրա ազդող հիմնական գործոնները

Տպասալիկի արտադրության գինը կախված է բազմաթիվ գործոններից՝ դիզայնի բարդություն, հումքի տեսակ, չափսեր, պանելավորում, պատվերի քանակ, եզրագծի ձև, շերտերի քանակ, անցքերի չափսեր, անցքերի խտություն և այլն։
Գնի վրա ազդող ամենակարևոր գործոններն են․
Տպասալիկի դիզայն
Դիզայնի որոշ պարամետրեր՝ հաղորդիչների լայնությունը, դրանց միջև եղած հեռավորությունը, անցքերի և հպակների տրամագծերի հարաբերությունը և մեծությունը (0,2 մմ-ից փոքր լինելու դեպքում) բարձրացնում են արտադրության գինը։
2․ Շերտերի քանակ
Շերտերի քանակը ուղղակիորեն ազդում է տպասալիկի արտադրության գնագոյացման վրա, քանի որ շատ շերտերի դեպքում օգտագործվում է ավելի շատ հումք և ընթանում են ավելի բարդ արտադրական պրոցեսներ։
3. Պանելավորում
Քիչ քանակի տպասալիկի պատվերի դեպքում (մինչև 10 հատ) օգտագործվում է նվազագույն 180x280 մմ չափսի պանել։ Նվազագույն գինը կլինի նույնը անկախ նրանից, թե քանի տպասալիկ կտեղավորվի այդ պանելի վրա։
4․ Հումք
Տպասալիկի արժեքը զգալիորեն կախված է նաև թե ինչ հումքի նյութ եք ընտրել, և թե ինչ հաստությամբ եք ցանկանում պատրաստել այն։
5. Ավարտական ծածկույթ
Կախված ծածկույթի տեսակից՝ անագ, Ռոզե համաձուլվածք, օրգանական, թե ոսկեպատ, գինը փոփոխվում է։
6. Անցքերի չափ և խտություն
Փոքր չափի անցքերից (0,25 մմ և փոքր) և սալիկի հաստություն / անցքի տրամագիծ հարաբերակցությունից (5։1 aspect ratio) կախված տպասալիկի արժեքը փոփոխվում է։ Գինը կարող է բարձրանալ նաև, եթե անցքերի խտությունը 1 դմ²-ում 500-ից ավել է։
7․ Արտադրության այլ պահանջներ
Հատուկ, ոչ ստանդարտ պահանջները քննարկվում են առանձին։ Մանրամասների համար զանգահարեք կայքում նշված համարով, գրեք մեր էլ․ փոստի հասցեին կամ Տելեգրամյան ալիքին:
Ամփոփում
Սզկբնական ճիշտ նախագծումը կօգնի նվազեցնել տպասալիկի արտադրության արժեքը։ Դրանից է կախված վերջնական արտադրանքի ֆունկցիոնալությունը և որակը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերը նշված գործոններին ոչ միայն ծախսերը քչացնելու, այլ նաև ապագա թերությունների հետ կապված հնարավոր ֆինանսական կորուստները կանխելու համար։
